ԱՐԱ´ՔՍ, ԱՅՍՕՐ ԴՈՒ ԿԴԱՌՆԱՅԻՐ 55 ՏԱՐԵԿԱՆ

Արաքս Աբրահամյան

Խորհրդավոր լռություն է, և լռության մեջ` այրվող մոմերի ճարճատյուն… Եթե այրվում են մոմերը, ուրեմն կա հույս, հավատ, սեր, ու նաև հավերժության մեջ անվերջ առկայծող հուշ…
Եվ այդ ամենը միանգամից տեսնում ես մոմի լույսի ներքո ստվերագծվող նկարների մեջ, որոնց տակ դրված է մի պարզ ստորագրություն` Արաքս…
1959 թվականին, երբ աշխարհ եկար, ոչ ոք չգիտեր, թե ինչ ճակատագիր է քեզ բաժին հանել Տերը, ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ առաջադրանքով է այս մոլորակում հայտնվել փոքրիկ Նունուն (այդպես էին կոչում քեզ ծնողներդ), որ հետո իմ մանկական թոթովանքով պիտի դառնար Ալա և տարիներ անց միայն` Արաքս Աբրահամյան: Իսկ ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր արվեստի խաչը կրել ուսերիդ և ներկերիդ ու վրձիններիդ միջով քո Գողգոթան ելնել… Դու քո գալիքին անտեղյակ` մեծանում էիր քո հայրենի Լոռվա գրկում ու չէիր հասկանում, թե այդ օրհնված հողն ու ջուրն ինչ ուժ են ներարկում հոգուդ ու արյանդ մեջ: Թերևս նախախնամության միջամտությունն էր, որ երբ ութ տարեկան էիր, մեր տուն հյուրեր եկան. նրանց մեջ մի նկարիչ կար: Տղան բարձրացավ մոտակա սարն ու սկսեց մորդ հայրենի գյուղը` Մղարթը նկարել: Երբ ավարտեց, դու խնդրեցիր, որ նկարը մայրիկիդ նվիրի: Նա մերժեց: Ու դու քո մանկական վիրավորված հպարտությամբ ուխտեցիր նկարիչ դառնալ ու Մղարթն ինքդ նկարել: Դպրոցից հետո դիմեցիր Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ. մաթեմատիկայի քննությունից ուշաթափված դուրս բերեցին. կտրվել էիր: Ու սկսվեցին համառ պայքարի ու մաքառումի անքուն գիշերները: Պարապում էիր առանց դադարի` չանսալով նույնիսկ ծնողներիդ հորդորներին: Ընդունվեցիր…Ավարտելուց հետո երկմտանքով կանգնեցիր մանկավարժության ու կերպարվեստի միջև: Բայց ներսդ կուտակված հախուռն էներգիան ինքը որոշեց քո անելիքը: Դու պիտի նկարեիր, պիտի ձուլվերի վրձնի ու կտավի հետ… Այդպես էլ արեցիր, բայց…
Շուրջ քսանմեկ տարի է անցել այն օրից, երբ ինքնանկարիդ տակ վրձինդ վերջին անգամ դրոշմեց անունդ`Արաքս ու իջավ ներկապնակիդ վրա` այլևս քո նուրբ մատների հպմանը չարժանանալու դաժան ճակատագրով…
…Այսօր դու պիտի հիսունհինգ տարեկան դառնայիր, այսօր ես պիտի համբուրեի քեզ ու ասեի` ծնունդդ շնորհավոր, Քու´յրս… Մինչդեռ ստիպված եմ թաքուն համբուրել կտավներդ միայն ու խունկ ծխել հիշատակիդ առջև:
Ծնունդդ է այսօր ու կողքիդ միայն Աշիկ եղբայրդ ու Անահիտ մայրդ են, որ չդիմացան անսահման վշտիդ ու բոլորիցս գերադասեցին քեզ…
Գուցե շատերը խենթ համարեն ինձ, որ խոսում եմ քեզ հետ այնպես, կարծես դեմ առ դեմ նստած սրճելիս լինենք… Իրականում չկա միայն սուրճիդ գավաթը, իսկ հոգիդ ճառագում է յուրաքանչյուր կտավից, քեզանով լցնում սենյակս այնպես, որ անգամ ձայնդ զրնգում է ականջներիս մեջ. «Ծովերն սկսվում են իմ աչքերից, մայրամուտներն ավարտվում են իմ աչքերում…»: Ու մեկ անգամ ևս համոզվում եմ , որ չնայած հարազատներիդ ծով կսկիծին, քանի դեռ աշխարհում կա մայրամուտ ու արևածագ, այնքան պիտի դու հառնես քեզ ամփոփած կտավներիդ ու տողերիդ խորքից:
Հիմա բավական է փակեմ աչքերս, ու պատկերանում ես դու` ադամամութի լույսաստվերի մեջ, հորիզոնում հազիվ գծագրվող Մասիսների առջև կանգնած` ձեռքերիդ ափերը դեպի երկինք պարզած:
Այն ժամանակ ես հասկանում էի, որ ուժասպառ, անքուն, բայց բեղմնավոր գիշերներից հետո նկարակալիդ մոտից ոտքերդ մի կերպ քեզ բերել են պատուհանի մոտ` նորից լիցքավորվելու ու առաքելությանդ անցնելու: Թերևս միայն ինձ էր հասկանալի այն պահը, երբ ձեռքերդ սկսում էին այրվել, ու դու միանգամից վազում էիր դեպի նկարակալդ: Այդ ժամանակ ես գիտեի, որ քեզ միայն դասական երաժշտություն ու մենություն է պետք:
Երբ 1988 թվականին ահեղ երկրաշարժից հետո ստեղծում էիր «Տարեգրություն 88» շարքը,ես ստվերի նման հետևում էի քեզ, մանավանդ «Անմեղ մեղավորը» կտավից հետո, երբ հասկացա, որ երկյուղում ես մենակ մնալ քո իսկ ստեղծած վիշապի հետ: Դու ապրում էիր քո վրձնած կերպարներով, տառապում նրանց հետ, նույնիսկ մի անգամ հառաչելով վեր թռար տեղից. երբ փշերի մեջ մոլորված աղջնակին էիր նկարում, ձեռքդ անզգույշ էիր շարժել ու փուշը ծակել էր փոքրիկի կիսամերկ մարմինը: Ես հաճախ էի զարմանում, թե ինչպես այդքան նուրբ, միայն ծաղիկներ նկարելու ունակ ձեռքերը կարողավան նկարագրել մի ամբողջ ողբերգություն` երկրաշարժի ողջ արհավիրքը: Զարմանում էի, բայց գիտեի, որ քեզ մի անդիմադրելի ուժ է մղում դեպի կտավը, որի թելադրանքով էլ ձեռքերիդ տակ խմորվում են գույներն ու տարերքը: Իսկ երբ վրձինը անզոր էր լինում ներքին խռովքդ կտավին հանձնել, յուղաներկի մեջ մխրճվում էին այրվող մատներդ:
Այսպես երկնեցիր «Տարեգրություն 88», «Եղիցի լույս»,«Փոքրիկ Իշխանը», «Եկեղեցիներ» և «Ինքնակենսագրություն» շարքերն ու նաև ՀՀ գերբը, որոնց մեջ ամփոփեցիր ողջ ուժդ ու կենսաէներգիադ: Ես ներկա էի «33»-իդ հղացմանն ու ծնունդին, ականատես էի կակաչներիդ ծաղկմանը, որոնք կտավի վրա փոփոխվում էին քո ձեռքով հավաքված կակաչներին զուգընթաց: Իսկ երեսունհինգիդ կակաչներն անգամ չկոկոնեցին…
Երբեք չեմ մոռանա քո դեմքի արտահայտությունը, երբ մի անգամ սենյակ մտար ու ինձ գտար նկարակալիդ առջև: Ես բուսական յուղով կտավի վրայից մաքրում էի դեռ թաց յուղաներկը: Դու սկսել էիր բոլորովին ուրիշ մի բան նկարել քո դիմանկարի վրա: Ես չգիտեի` դու կբարկանաս ինձ վրա, թե ոչ, բայց ես արտասվել էի ուզում, որովհետև ոչնչացրել էի քո ստեղծագործությունը մեկ ուրիշը փրկելու համար: Դու այդ պահին նկարել էիր ուզում, բայց պատրաստի կտավ չունեիր: Իսկ երբ հեռացար, դատարկ մնացին քո ձեռքով ձգված տասնյակ կտավներ: Դրանցից մեկը միայն արժանացավ ինքնանկարիդ, որն ուզում էիր կոչել «Իմ վաղը», բայց զգում էիր, որ «վաղը» չկա, ու անվանեցիր «Իմ երեկը»: Քեզ հատուկ ինտուիցիայով դու զգում էիր, որ դա քո վերջին աշխատանքն է լինելու ու խոսում էիր այդ մասին այնքա~ն հանգիստ …
Երբ 1991-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանի ժուռնալիստի տան ցուցասրահում բացվեց քո ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը նաև Անկախ Հայաստանի առաջին ցուցահանդեսն էր, դու ավելի քան երջանիկ էիր: Դա քո միայնակ ու տանջալից օրերի առաջին փոխհատուցումն էր: Ո՞վ գիտե, ինչ էր կատարվում հոգուդ մեջ այն պահին, երբ ժպտում էիր հոծ բազմությանն ու արցունքներով ցողում կրծքիդ սեղմած անթիվ վարդերը, որոնք պիտի դառնային կտավ, ապրած ու չապրած օրերի ինքնակենսագրություն:
Քո հայրենի Լոռիում բացված ցուցահանդեսիդ ժամանակ ասացիր. «Զգում եմ, որ ուղի ունեմ անցնելու և պարտավոր եմ մեծ ճանապարհից առաջ մեկ րոպե կանգ առնել իմ ծննդավայրում, ստանալ ժողովրդիս օրհնությունը»: Ավաղ, դաժան էր անցնելիք ուղիդ, ճանապարհդ` անդարձ, իսկ ժողովուրդդ օրհնանք էր հեկեկում կարճատև կյանքիդ համար…
Դու միշտ ասում էիր, որ քո երեխաները քո կտավներն են, և մտածել անգամ չէիր ուզում նրանցից որևէ մեկից բաժանվելու մասին: Ասա´ ինձ, քու´յր իմ, ես ինչպե՞ս վարվեմ որբուկներիդ հետ, ինչպե՞ս վարվեր մայրդ, որ տանջող կարոտդ փորձում էր փարատել այդ նկարներով: Չէ՞ որ դրանք քո էությունն են, գույներով ու վրձնով արված հոգուդ խոստովանությունը:
Գրիչս անզոր է, ուշացած, բայց տակավին թաց տողերս նույնպես` նկարագրելու կորստիդ կսկիծը: Միևնույնն է, ոչինչ չի կարող լցնել քո ամայի տեղն այս աշխարհում, համենայն դեպս, քեզ ճանաչողների համար: Բոլորիս կյանքում դու պայծառ մի շող էիր, որ ցոլացիր ու անցար` լուսեղեն հետքդ թողնելով արվեստի աշխարհում:
Թող քո վրձնած ու գրչած ստեղծագործությունները հավերժ վառ պահեն անունդ, Արա´քս, և խունկ ու մոմ դառնան սուրբ հիշատակիդ…
Հավերժ կարոտով`քո քույր Աստղիկ Աբրահամյան

Արաքս Աբրահամյան
Արաքս Աբրահամյան
Արաքս Աբրահամյան

Քեզ եմ սպասում

Արաքս Աբրահամյան

Քեզ եմ սպասում.

Հիվանդ եմ, արի…

Քեզ եմ սպասում.

Երբ աստղ ու լուսին

Նազանքով երկնում

Իրենց դասական

Խորալն են հյուսում:

Երբ աչքերս թաց,

Իմ միայնության

Ողջ գիշերներում

Լույս ճամփիդ համար

Մոմեր եմ վառում:

Քեզ եմ սպասում.

Ականջս պահած

Ձայն ու շշուկի,

Աչքերս հառած

Ամեն եկվորի…

Ու սպասումից հոգնած, ապտակված`

Աչքիս դառնում եմ

Խենթ, խելագարված,

Մերթ հուսախաբված,

Մերթ հուսալքված…

Քեզ եմ սպասում.

Ավերված հույսիս փլատակներից

Նոր ծիլ է տալիս

Տենչս` քո գալու…

Ու սպասումս դահիճի նման

Պարանն է հյուսում

Այն չարագուշակ…

Ու սպասումս

Օր ու գիշերվա

Տենդից ու սիրուց,

Ցավից ու մահից

Զորեղ է դառնում.

Եվ տառապանքս մի նոր անուն է

Կարծես ստանում…

Քեզ եմ սպասում.

Ու փորձում թեկուզ

Ընդմիշտ մոռանալ

Քո անգոյության մշտական ներկան…

Ու խեղդել աչքիս

Պատկերվող դեմքդ`

Հորդող արցունքիս

Ջրհորում անտակ…

Բայց դու ժպտում ես

Ակնի հատակից,

Քնքուշ ձեռքս ես

Խնդրում հատակից,

Եվ գութ հայացքով

Մեղմում ես կրկին`

Քեզ սպասելու և չսպասելու

Իմ տարագրված

Անառիկ հոգին…

Քեզ եմ սպասում,

Հիվանդ եմ, արի…

Բաժանում

Արաքս Աբրահամյան 

Գիտեմ` պիտի դժվար լինի

Բաժանումն այն չսպասված,

 Ու համբույրս` աղի, լեղի`

Վերջին պահին քեզ տրված:

 

Րոպեն պիտի անէանա`

Քեզ իր գիրկը առնելով,

 Ճամփաս պիտի, ա~խ, ողողվի

Քո հորդացող արցունքով:

 

Գիտեմ` պիտի երկունք լինի

Մեր բզկտված սրտերում,

Ու նոր աղոթք պիտի ծնվի

Մեր հանդիպման հույսերում…

 08.02.1989

 

Քեզ

Արաքս Աբրահամյան 

Կուզեմ, որ մի օր  պատուհանիս տակ

Պահված բոլորից` ինձ թաքուն նայես,

Երբ ես արթնանամ ու կողքիս դրված,

Ինձ համար գրված տողերդ կարդամ…

Երբ ես վեր կենամ, հագնվեմ թեթև

Ու խորասուզված, մտքերով քեզ հետ`

Նկարակալիս մոտենամ տխուր,

Վրձինը առնեմ իմ կախարդական

Ու արդեն կիսատ դիմանկարդ

Հանգիստ ավարտեմ:

Նկարեմ ու լուռ քեզ հետ զրուցեմ,

Վստահ լինելով, որ ոչ ոք չկա,

Ու ես ու դու ենք իրար շշուկով

Աստղերի մասին հեքիաթներ պատմում:

Երգեմ քեզ համար, քեզ հետ հեկեկամ,

Հրաշք վրձինս կամաց համբուրեմ,

Որ կպատկերի աչքերդ տխուր

Ու փորձը կյանքիդ` վաստակով լեցուն:

Եվ այնպես կուզեմ, որ դու լուռ նայես

 Ու հետևես իմ ամեն շարժումին,

Որ լավ իմանաս, դրախտի որսո´րդ,

Թե որսիդ աչքերն ինչու՟ են տխուր…

Այնժամ կիմանաս, թե ինչ ես արել`

Արդեն ավերված եկեղեցու տակ

Միակ պաշտպանված խաչքարն ես փշրել…

17.01.1989

 

Սենյակում իմ…

ԱՐԱՔՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Սենյակում իմ’
Այրվող մի մոմ’ արծաթափայլ ցոլքերով,
Անկյուններում մութ ու խավար
Սև թիկնոցի պատկերով
Լռությունն է քայլում ասես
Իր շղթայված ոտքերով:
Սենյակում իմ’ ցուրտ ու տխուր
Շրջում է մի չար քամի,
Որ կամակոր, բայց և վախկոտ
Դուրս է գալիս շուրջպարի:
Ու սենյակում իմ միայնակ,
Մոմի փայլող լույսի տակ’
Մի ճաքճքված, բայց չքանդված
Խորհրդավոր հսկա պատ:
Պատին’ գամված արձան խաչված’
Համեստ ու լուռ տանջանքով,
Որ միալար իր բողոքը հոգու խորքում կասելով’
Ջերմացնում է իմ սենյակը իր տաք , հոսող արցունքով:
Սենյակում իմ’
Այրվող մի մոմ’
Սրտիս սառույցը հալող,
Պատին’ պատկեր խաչաձևված,
Խորհրդավոր, մենավոր…

Կենսագրություն

Արաքս Աբրահամյան

Կենսագրություն

1983-ին Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետը: 1991թ.-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանի ժուռնալիստի տանը բացվել է առաջին անհատական ցուցահանդեսը (Անկախ Հայաստանում առաջին ցուցահանդեսը): 1991թ.-ի հոկտեմբերի 26-ին Անհատական ցուցահանդես է ունեցել Դսեղում:
1991թ.-ի նույեմբերի 8-ին մասնակցել է «Բոլոր մուսաները Էջմիածնում» մշակութային փառատոնին: 1991թվականի նոյեմբերի 22-ին Անհատական ցուցահանդես Ալավերդի քաղաքում:
Արաքս Աբրահամյանի աշխատանքները ցուցադրվել են նաև հանրապետական փառատոններում, Հալեպի, Ստամբուլի հայկական համայնքներում:
1993թվ.-ի դեկտեմբերի 25-ին ավարտվել է Արաքս Աբրահամյանի երկրային կյանքը: